ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ծնվել է 1946թ. Երևանում: 1973 թվականինավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի ղեկավարությամբ:1965-1970 թվականներին ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը: 1973-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության տանը որպես գեղարվեստական ղեկավար և փոխտնօրեն: 1976-1985 թվականներին դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1976-1980 թվականներին Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբի դիրիժորն էր, իսկ մինչև 1990 թվականը Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության գեղարվեստական խորհրդի անդամ: 1985-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության Երաժշտական լրատվության և պրոպագանդայի կենտրոնը: 1990-1993 թվականներին Հայաստանի Խաղաղության ֆոնդի նախագահի տեղակալն էր: 1976-ից առ այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության, իսկ 2003-ից՝ Հայկական երաժշտական համաժողովի անդամ է:
Կ. Պետրոսյանը հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային, վոկալ, ինչպես նաև կինոյի և թատրոնի համար գրված ստեղծագործությունների: Թողարկվել են կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնապնակներ, տպագրվել ժողովածուներ: Նրա ստեղծագործական գրչին է պատկանում աշխարում առաջին, դեռևս միակ և ճանաչված ձայնի և ջազ նվագախմբի համար Կոնցերտը:
Կ. Պետրոսյանը հեղինակային համերգներնով հանդես է եկել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում (1984) և Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում (2003):
Կ. Պերոսյանի հանրահայտ «Հայաստան» երգը 1986 թվականին արժանացել է տարվա լավագույն երգի Հանրապետական մրցանակի և ՀԽՍՀ մշակույթի նախարարության հատուկ պարգևի:
1991 թվականին ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնական գրասենյակի Դագ Համալշելդ սրահում նա է ղեկավարել Հայաստանի անկախության հռչակմանը նվիրված առաջին պատվո համերգը, իսկ 2006-ին ՄԱԿ-ում կազմակերպած համերգի ընթացքում հնչել է հայ միջնադարյան և ժամանակակից երաժշտություն:
Կ. Պետրոսյանը 1995 թ. ժամանակավոր հրավիրվել և առ այսօր աշխատում է ԱՄՆ-ում: Նա «Հայկական երաժշտական փառատոն» կազմակերպության նախագահն է և գեղարվեստական ղեկավարը: Այդ կազմակերպության շնորհիվ 1997-ին Ռոդ Այլենդ նահանգի սինֆոնիկ նվագախումբը և երգչախումբը իրականացրեցին «Անուշ» օպերայի համերգային կատարումը: Համերգի մենակատարներն էին Մետրոպոլիտեն օպերայի աստղեր Լիլի Չուքասզյանը և Լուսին Ամարան:
Մաեստրո Կ. Պետրոսյանը Փրովիդենսի Սուրբ Սահակ-Մեսրոպ հայկական առաքելական եկեղեցու մշակութային և երաժշտական բաժինների տնօրենն է: Ռոդ Այլենդի հայկական երգչախմբի (1995-ից) և Մասսաչուսեթս նահանգի Մեծ Վուստերի հայկական երգչախմբի հիմնադիրը և ղեկավարն է (2000-ից), ինչպես նաև Բոստոնի հանրահայտ «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
1996 թվականին արժանացել է Ռոդ Այլենդ Նահանգի «Տարվա Մարդ» տիտղոսին, պարգևատրվել Կոմիտասի անվան մրցանակով (1997, 2004), Ռոդ Այլենդի նահանգապետի և Սենատի հատուկ դիպլոմներով, արժանացել Մասսաչուսեթս նահանգի Վուստերի քաղաքապետարանի պատվո շքանշանին:
Իր ստեղծագործությունների կատարումներով նա բազմիցս ելույթներ է ունեցել ԽՍՀՄ քաղաքներում, Կանադայում, Իսպանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆինլյանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
2007 թվականին Մոնրեալում (Կանադա) ղեկավարել է ՀԲԸՄ 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը, սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ:
1990, 1997, 2013 թվականներին ելույթ է ունեցել Նյու Յորքի «Քարնեգի Հոլլ» համերգասրահում և ներկայացրել հայ կոմպոզիտորների և իր ստեղծագործությունները:
2012 թվականին ղեկավարել է Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնի «Մերկել» համերգասրահում կայացած ՀՀ ԶՈՒ-ի ստեղծման և ՄԱԿ-ին անդամակցելու 20-րդ տարեդարձներին նվիրված «Վերածնունդ» խորագրով համերգը, որտեղ մասնակցել են Ռոդ Այլենդ նահանգի ֆիլհարմոնիկ նվագախումբը և մենակատարներ:
2013 թվականից առ այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնաժողովի համանախագահն է: 2013-2015 թվականներին Բոստոնում, Նյու-Յորքում, Փրովիդենսում կազմակերպել է հայ ժամանակակից կամերային երաժշտության համերգներ:
2013 թվականի մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
2014 թ. հունիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան շնորհել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգև՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան:
2015թ. Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Նյու-Ջերսի և Մասսաչուսեթս նահանգներում կազմակերպել է և ղեկավարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված 8 համերգ, նվագախմբի, երգչախմբի, մենակատարների մասնակցությամբ:
2016 թվականին Կ. Պետրոսյանը նշանակվել է Ամերիկայի հայկական թանգարանի (Բոստոն) մշակութային հանձնախմբի նախագահ: Առ այսօր կազմակերպել է շուրջ 30 նախագծեր, հայ երաժշտության փառատոներ, համերգներ, հայ ժամանանակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկմամբ համերգներ և կատարողական արվեստի ներկայացուցիչների ելույթներ:
2016 թվականից «Կոմիտաս» հրատարակչությունը լույս է ընծայել Կ. Պետրոսյանի կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների նոտաները, որոնք տարածվել են և համալրել աշխարհի լավագույն գրադարանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի, Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիայի և այլն:
2018թ. մայիս 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Փրովիդենսի Սուրբ Պետրոս տաճարում, ԱՄՆ-ի սենատորների, կոնգրեսմենների, նահանգապետի և բազմաթիվ պաշտոնական հյուրերի ներկայությամբ, Կ. Պետրոսյանը կազմակերպել և ղեկավարել է հանդիսավոր համերգ, նվագախմբի, երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ:
2018 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի և ՀՀ ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի որոշմամբ լույս է ընծայվել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանի «Կոնստանտին Պետրոսյանի աշխարհը» եռալեզու (ռուսերեն, թարգմ.՝ հայերեն, անգլերեն) մենագրությունը, որը ներկայացնում է կոմպոզիտորի կյանքի ուղին և ստեղծագործությունը: 2019թ. կազմակերպվեց մենագրության շնորհանդեսը և՛ Երևանում (հունիսի 8), և՛ Փրովիդենսում (սեպտեմբերի 20, ԱՄՆ):
2019 թվականին հոկտեմբերին երկար տարիների ընթացքում հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կ. Պետրոսյանի ղեկավարած «Երևան» երգչախումբ-նվագախումբը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Copyright © 2020 Konstantin Petrossian - All Rights Reserved.
website by Sevag Sarkisian